«Ապառաժ».- Ապրիլի 28-ին Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ Ստեփանակերտի Լայթ Հաուս սրճարանում կայացաւ հանդիպում ԱՀ Մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Սերգէյ Շահվերդեանի հետ։ Հանդիպմանը ներկայ էին Արցախում գործող տարբեր երիտասարդական միութիւնների ներկայացուցիչներ, երկրի մշակութային կեանքով հետաքրքրուող երիտասարդներ։
Հանդիպման բացման խօսքով հանդէս եկաւ Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանը, ով նշեց. «Իւրաքանչիւր երկրի համար երիտասարդութիւնը շարժիչ ուժ է, ուստի այս հանդիպման նպատակն է խօսել երկրի՝ մշակութային ոլորտում առկայ խնդիրների մասին, հաշուի առնել երիտասարդների կողմից հնչող առաջարկութիւններն ու ըստ այդմ ուղղորդել նաեւ Համազգայինի՝ մշակութային ոլորտի ծրագրերը»։
Հանդիպման թեման էր «Մշակութային քաղաքականութիւն. խնդիրներ եւ անելիքներ»։ Հենց այս թեմայի շուրջ էլ ծաւալուեց հետաքրքիր զրոյց՝ անմիջական մթնոլորտում, որի ընթացքում նախարարն անդրադարձաւ երկրում տարուող մշակութային քաղաքականութեանը, դրա տարբեր ոլորտների խնդիրներին եւ անելիք աշխատանքներին։ Նախարարը կարեւորեց երիտասարդութեան մասնակցութիւնը երկրի մշակութային կեանքի կազմակերպմանը, լսեց երիտասարդների մտահոգութիւններն ու առաջարկները։ Նա շնորհակալութիւն յայտնեց Համազգայինի Արցախի գրասենեակին՝ հանդիպման կազմակերպման կապակցութեամբ եւ կարեւորեց նման հանդիպումների անհրաժեշտութիւնը։