«Ապառաժ».- Սեպտեմբերի 4-ին Շուշիի կերպարուեստի պետական թանգարանում կայացել է Շուշիի «Վարանդա» մանկական, պատանեկան եւ երիտասարդական պետական երգչախմբի համերգը:
Ինչպէս նշել է երգչախմբի գեղարուեստական ղեկավար եւ խմբավար Զաքար Քեշիշեանը, համերգը նուիրուած է Հայաստանի առաջին հանրապետութեան 100-ամեակին, Արցախեան շարժման 30-ամեակին, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան 90-ամեակին եւ Երեւան քաղաքի 2800-ամեակին:
«Ես եկել էի մի մոմ ինքս էլ վառելու, մի քար ինքս էլ դնելու, մի ժպիտ ինքս էլ ուրուագծելու, պատերազմում ապրող մանուկների շուրթերին մի երգ էլ ինքս դնելու: Այս բոլորը կարողացայ կատարել շնորհիւ ավելի քան 700 հին ու նոր սաներիս, որոնց հետ իմ ստեղծագործական ճանապարհը շարունակուելու է այնքան ժամանակ, որքան իմ կարիքը կը զգացուի»,- ասել է 1992թ. ի վեր գործող երգչախմբի հիմնադիր Զաքար Քեշիշեանը:
Համերգի ընթացքում հնչել են հին ու նոր ստեղծագործողների երգեր, որոնց մեծ մասը հեղինակները նուիրել են երգչախմբին:
Երգչախմբի 64 երգերի հեղինակ Եուրի Սահակեանը, ում 80-ամեակ յոբելեանը նոր է լրացել, ԱՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արուեստի վաստակաւոր գործիչ» պատուաւոր կոչմանը: Այն հաւաստող փաստաթուղթը Եուրի Սահակեանի որդուն է յանձնել ԱՀ մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարար Լեռնիկ Յովհաննիսեանը:
Համերգի վերջում Զաքար Քեշիշեանի 50-ամեակի առիթով նրան շնորհակալական խօսքեր ուղղեցին եւ նուէրներ փոխանցեցին Շուշիի շրջավարչակազմի ղեկավարութիւնը, «Վարանդա» երգչախմբի անդամները եւ հանդիսատեսները: