Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ Ասկերանի շրջանի Աստղաշէն եւ Մարտունու շրջանի Գիշի գիւղերում կազմակերպուել են Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անուան պետական դրամատիկական թատրոնի «Աշխարհը Լոռուայ ձորերում» ներկայացման ցուցադրութիւններ՝ նուիրուած հայ մեծանուն գրող Յովհաննէս Թումանեանի 150-ամեակին:
Ներկայացումը բեմադրուել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի գեղարուեստական ղեկավար Ռուզան Խաչատրեանի կողմից:
Հոկտեմբերի 27-ին ներկայացումը ցուցադրուել է Աստղաշէնի Մշակոյթի տանը: Միջոցառման սկզբում հանդէս է եկել Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանը: Նա համառօտ ակնարկով ներկայացրել է Համազգայինի որդեգրած գործունէութիւնը՝ Սփիւռքում, Հայաստանի Հանրապետութիւնում եւ Արցախում՝ նշելով, որ Համազգայինը կոչուած է լինելու հայ մշակոյթի, հայ գրի ու գրականութեան, ազգային արժէքների սերմանողն ու պահպանողը: «Արցախի մեր գրասենեակը մշտապէս համագործակցում է արցախեան տարբեր համայնքների հետ՝ իր նպաստը բերելու յատկապէս գիւղական համայնքներում մշակութային կեանքի աշխուժացմանը»,- նշել է Հ.Աւագեանը:
Հանդիսատեսը բուռն ծափերով ողջունել ու ակնդիր է եղել դերասանական հմուտ խաղով եւ ռեժիսորական վարպետութեամբ ստեղծուած գունաւոր, հետաքրքիր ու տրամադրութիւն ստեղծող մի ներկայացման, որը սիրուել է ինչպէս փոքրերի, այնպէս էլ՝ մեծերի կողմից:
Աստղաշէն համայնքի ղեկավար Զորիկ Ղազարեանը շնորհակալութիւն է յայտնել միջոցառման կազմակերպան համար եւ յոյս յայտնել, որ համագործակցութիւնը Համազգայինի Արցախի գրասենեակի եւ Ստեփանակերտի պետական թատրոնի հետ կը դառնայ շարունակական, քանզի արցախեան գիւղական համայնքները միշտ կարօտով են սպասում նման միջոցառումների:
Ներկայացմանը ներկայ են եղել նաեւ հարեւան Խանցք գիւղի դպրոցականները:
Նոյեմբերի 6-ին ներկայացումը հանգրուանել է Մարտունու շրջանի Գիշի գիւղում: Միջոցառմանը ներկայ են եղել ուսուցիչներ, դպրոցականներ, թատերասէրներ ոչ միայն Գիշիից, այլեւ` յարակից գիւղերից:
Նախքան ներկայացման մեկնարկը՝ հանդիսատեսին ողջունել է Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հ. Աւագեանը: Նա համառօտ անդրադարձով ներկայացրել է Համազգայինի գործունէութիւնը՝ նշելով, որ գիւղական համայնքներում մշակութային կեանքի աշխուժացումը մշտապէս լինելու է Համազգայինի Արցախի գրասենեակի ուշադրութեան ներքոյ: Հ.Աւագեանը, անդրադառնալով Յովհ. Թումանեանի յոբելեանին, նշել է. «Թումանեանը գրել է թէ՛ փոքրերի, թէ՛ մեծերի համար, նա կարողացել է խօսել բոլորի սրտերի հետ, ապրել բոլորի յոյզերը, սէրն ու կարօտը եւ այն փոխանցել մեզ՝ որպէս անգնահատելի ժառանգութիւն, ուստի այս ներկայացումը եւս թէ՛ մեծերի, թէ՛ փոքրերի համար է: Այն գրողի ստեղծագործութիւններից կազմուած մի գեղեցիկ փունջ է՝ հանդիսատեսին նուիրելու համար»:
«Աշխարհը Լոռուայ ձորերում» ներկայացումը սիրուել է ներկաների կողմից. դրա հաւաստումը դահլիճի ջերմ մթնոլորտն էր՝ հակառակ այն հանգամանքի, որ դահլիճը չէր ջեռուցւում, իսկ դրսում եղանակը անձրեւոտ էր եւ ցուրտ: