Համազգայինի Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ 11 Դեկտեմբերի 2018-ին Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում կայացաւ գրական երեկոյ երիտասարդ արձակագիր Արամ Աւետիսի հետ:
Բացման խօսքով հանդէս եկաւ Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանը, ով ներկայացրեց երիտասարդ գրողին եւ անդրադարձաւ նրա «Կոյր կէտադրութիւն» գրքին՝ առանձնացնելով այն որպէս ինքնատիպ խօսք ժամանակակից հայ գրականության մեջ: Այնուհետեւ ներկաները առանձին հատուածներ ընթերցեցին գրքից եւ առիթ ունեցան հեղինակի հետ կիսուելու իրենց հարցերով ու կարծիքներով: Ներկայ երիտասարդները մեծ հետաքրքրութիւն ցուցաբերեցին «Կոյր կէտադրութիւն» գրքի նկատմամբ, եւ դա էր պատաճառը, որ հարցերն ու վերլուծութիւնները շատ էին, ու միջոցառումը երկարեց մինչեւ ուշ գիշեր՝ չսպառելով ներկաների հետաքրքրութիւնը հեղինակի նկատմամբ:
Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հ.Աւագեանը նշեց, որ նման հանդիպումները շարունակական են լինելու, որոնց նպատակը Արցախում բնակուող ընթերցողին ժամանակակից գրողներին ներկայացնելն է, նրանց հետ անմիջական շփումն ու կարծիքների փոխանակումն է, սէր սերմանելն է դէպի գիրքն ու գրականութիւնը:
Միջոցառումն ուղեկցուեց կիթառի հաճելի ընդմիջումներով: