Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ լիբանանահայ հայրենադարձ երգիչ Գէորգ Հաճեանն Արցախում է՝ համերգային ծրագրեր իրականացնելու նպատակով:
Սեպտեմբերի 28-ին Արցախի սահմանամերձ Նորշէն գիւղում կայացաւ Գէորգ Հաճեանի առաջին համերգը՝ Ստեփանակերտի «Տնջրէ» եւ Նոր շէնի «Մոնթէ» համոյթների մասնակցութեամբ։
Միջոցառումը բացուեց ՀՀԿՄՄ Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանի խօսքով։ Վերջինս նշեց, որ համերգը նուիրւում է Համազգայինի հիմնադրման 90-ամեակին, Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակին եւ Արցախեան շարժման 30- ամեակին։
Ներկաները մեծ ոգեւորութեամբ դիմաւորեցին երգչին՝ համերգի ողջ ընթացքին մասնակից լինելով երգերով ու պարերով։
Ինչպէս իր խօսքում նշեց երգիչը՝ երբ արցախեան հողի վրայ է երգում, զգում է իր երգած երգերի ամէն մի բառի ողջ զորութիւնը եւ նորից ու նորից հասկանում է այն ճշմարտութիւնը, որ հայրենիքի ապագան պէտք է սկսուի զարգացած գիւղեր ունենալուց։ Գիւղացին պէտք է սերտ կապակցուած լինի հայ մշակոյթին եւ հնարաւորութիւն ունենայ առնչուելու նրա հետ։
Գ. Հաճեանի երգերի հետ իրենց հայաշունչ պարերով հանդէս եկան Ստեփանակերտի «Տնջրէ» եւ Նոր շէնի «Մոնթէ» համոյթները։
Բուռն ծափերի ներքոյ մարդիկ նշեցին, որ գիւղը սպասում էր նման միջոցառման, որը նաեւ իւրօրինակ հայրենասիրական դաս էր։
Մօտակայ գիւղերից՝ Աշանից ու Հացիից, մարդիկ եկել էին գեղեցիկ արուեստի կարօտով՝ հակառակ եղանակային անբարենպաստ պայմանների։
Ներկաները նուէր ստացան նաեւ երգչի ձայնային սկաւառակներից, հնարաւորութիւն ունեցան անմիջական զրոյց ունենալու նրա հետ։
Համերգի վերջում երգիչն իր շնորհակալական խօսքն ասաց Համազգայինի Արցախի եւ Երեւանի գրասենեակներին, ՀՅԴ Արցախի կառոյցին, յանձինս՝ Դաւիթ Իշխանեանի՝ համերգի կազմակերպմանը աջակցելու համար, ինչպէս նաեւ՝ իր ընկերոջը՝ Ալեքս Պաղտասարեանին:
Երգչի տարազն ապահովել էր Երեւանի «Տէրեան» արուեստի կենտրոնը։
Երգիչն ու իր ընկերները նաեւ համեստ նուիրատուութիւն էին բերել գիւղի բազմազաւակ ընտանիքների համար, ինչը յանձնուեց գիւղի ղեկավարութեանը:
Սեպտեմբերի 29-ին Գէորգ Հաճեանը համերգային ծրագրերով այցելեց Արցախի երկու N զօրամասեր, որտեղ իր խրոխտ երգերով ոգեւորեց ու թեւ տուեց հայ զինուորներին: Զինուորների կողքին երգն աւելի իրական էր հնչում, քանզի հենց նրանց էր ձօնուած:
Երգիչը հրամանատարութեան կողմից արժանացաւ յատուկ շնորհակալագրի՝ Պաշտպանութեան բանակի հետ սերտ համագործակցութեան համար:
Սեպտեմբերի 30-ին Գէորգ Հաճեանը համերգով հանդէս կու գայ Քարվաճառում, որով էլ կ'եզրափակուի նրա արցախեան այցը: Սակայն, ինչպէս երգիչն է նշում, համերգներն Արցախում այսուհետ շարունակական են լինելու: