14-17 Մարտ 2017-ը Համազգային հայ կրթական և մշակութային միութեան նախաձեռնութեամբ և Արցախի Հանրապետութեան մշակոյթի և երիտասարդութեան հարցերի նախարարութեան աջակցութեամբ տեղի ունեցան Սօս Սարգսեանի անուան Համազգային պետական թատրոնի հիւրախաղերը Արցախի հանրապետութիւնում:
Նախաձեռնութեան նպատակն էր նպաստել Հայաստանի և Արցախի սահմանային բնակավայրերի մշակութային կեանքի աշխուժացմանը, կանգնել սահմանում ապրող և սահման պահող հայ մարդու և զինուորի կողքին:
Մարտի 14-ին թատրոնը հանդէս եկաւ Քարվաճառում, 15-ին` Մարտակերտում, 16-ին՝ Մարտունիում։ Շրջագայութիւնն ամփոփուեց Մարտի 17-ին՝ Ստեփանակերտում։ Հանդիսատեսին ներկայացուեց Աստղիկ Սիմոնեանի «44 աստիճանի վրայ» ներկայացումը (ըստ Տ. Հայրապետեանի պատմուածքի), որը ջերմ ընդունելութեան արժանացաւ:
Ներկայացումների մուտքն ազատ էր: Հանդիսատեսի շարքերում թէ՛ մեծահասակներ էին, թէ՛ երիտասարդներ, թէ՛ զինուորականներ։
Համազգային հայ կրթական և մշակութային միութիւնը և Սօս Սարգսեանի անուան Համազգային թատրոնը նախատեսում են նախագիծը դարձնել շարունակական և կազմակերպել թատրոնի հիւրախաղերը նաև ՀՀ սահմանամերձ միւս համայնքներում։