Նանսի քաղաքի հայկական համայնքը, թէեւ ընդամէնը չորսամեայ պատմութիւն ունի, բայց արդէն իսկ հայկական աւանդական մէկդարեայ համայնքներին չի զիջում իր ծաւալած գործունէութեամբ:
Օրերս համայնքում նշուեց Ամանորը, որի ընթացքում էլ համայնքի հիմնադիր Արթուր Աւետեանն ամփոփեց կազմակերպութեան տարեկան գործունէութիւնը: Ի դէպ, համայնքի ղեկավարի պնդմամբ իրենք սերտ համագործակցում են ինչպէս ՀՀ համապատասխան գերատեսչութիւնների, այնպէս էլ Սփիւռքի աւանդական հայ համայնքների հետ: Մասնաւորապէս Համազգայինի Կեդրոնական Վարչութեան հետ շատ բեղուն են առկայ կապերը, իսկ ինչ վերաբերում է մայր հայրենիքի հետ համագործակցութեանն, ապա Ա. Աւետեանը կարեւորեց Նանսիում անցնող տարում ՀՀ-ի կողմից Առեւտրաարդիւնաբերական պալատի բացումը, որը տեղի հայ գործարարների համար բաւական հնարաւորութիւններ է ապահովում:
Ինչ վերաբերում է համայնքի մշակութային եւ հայապահպանական գործունէութեանն, ապա արդէն չորս տարի գործող «Հայասա» պարային համոյթն անցնող տարում ընդգրկուել է Հայաստանի պարարուեստի միութեան կազմում:
Համայնքն ունի կիրակնօրեայ դպրոց, որտեղ սաներն հնարաւորւթիւն ունեն սովորելու մայրենի լեզու, գրականութիւն, ինչպէս նաեւ ազգային պարեր: Գործում է նաեւ եկեղեցի, թէեւ եկեղեցու շէնք դեռեւս կառուցուած չէ, սակայն համայնքն ունի պատարագների եւ Հայ Առաքելական տօները նշելու հնարաւորութիւն: Ի դէպ, համայնքն ունի իր լրատուամիջոցը՝ կիրակնօրեայ հայկական ռատիօ:
Ապագայի ծրագրերից համայնքի ղեկավարը նախընտրեց չխօսել, քանի որ ըստ Արթուր Աւետեանի, ձեռքբերումներ դեռ չեղած, ծրագրուածի մասին իմաստ չունի խօսելը:
Լուսինէ Տէրտէրեան