Ես այս երգը երգում եմ կանգնած,
որովհետեւ դու նա ես,
ում խաղաղութեան համար զոհւում են առանց կասկածելու,
որովհետեւ դու նա ես,
ում համար կռուի են ելնում առանց հրամանի…
Յովհաննէս Գրիգորեան
Համազգայինի Հայաստանի գրասենեակի տարեմուտի ակումբային հաւաքը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողների եւ դասախօսական կազմի հետ էր:
Ուսանողների շարքում մերօրեայ հերոսներն էին` Ապրիլեան պատերազմի մասնակից զինուոր-տղաներ, տարբեր միջազգային առաջնութիւններում Հայաստանի պատիւը բարձր պահող մարզիկներ, ապագայ լրագրողներ:
Հանդիպմանը ներկայ էին Համազգայինի ԿՎ անդամներ Կարօ Պայթարեանը եւ Սպարտակ Ղարաբաղցեանը, լուսանկարիչ-վաւերագրող Գերման Աւագեանը, մամուլի ներկայացուցիչներ:
«Բաց դաս-հանդիպման» նպատակն էր ազատ զրոյցի ձեւաչափով լսել երիտասարդներին, խօսել իրենց յուզող հարցերի, ապագայի ծրագրերի մասին, ինչպէս նաեւ ծանօթանալ նրանց ստեղծագործ ներուժին: Այն լաւ առիթ էր նաեւ երիտասարդներին Համազգայինի պատմութիւնը, առաքելութիւնն ու աշխարհասփիւռ կառոյցի գործունէութիւնը ներկայացնելու, նաեւ մեր յառաջիկայ ծրագրերին ծանօթացնելու համար:
Ջերմ եւ մտերմիկ մթնոլորտում ծաւալուած զրոյցի ժամանակ մեր հերոս տղաները խօսեցին իրենց զինակից ընկերների, ծառայութեան օրերի, տեսածի ու ապրածի մասին: Կարդացին նաեւ իրենց բանաստեղծութիւններից պատառիկներ:
Համազգայինի ծրագրերի մասին խօսելիս անդրադարձ կատարուեց Առաջին հանրապետութեան հռչակման 100-ամեակին և Համազգայինի 90-ամեակին նուիրուած նախաձեռնութիւններին, ակումբականները ծանօթացան նաեւ Համազգայինի վերջին տարիների հրատարակութիւններին: Անուանի լուսանկարիչ Գերման Աւագեանը, ում հետ գործակցաբար իրականացրինք «Շուշի. 48 Ժամ» լուսանկարչական նախագիծը, խօսեց Շուշի քաղաքի եւ Շուշիին նուիրուած մեր համատեղ ծրագրի մասին:
Հանդիպման աւարտին «Շուշի. 48 ժամ» լուսանկարչական գրքի մէկական օրինակ գրասենեակը նուիրեց մասնակիցներից իւրաքանչիւրին:
13 Դեկտեմբեր, 2018
Համազգայինի Հայաստանի գրասենեակ