16-ից 29 Սեպտեմբեր 2012-ին Հայաստան այցելեցին Համազգայինի Աւստրալիայի Արշակ եւ Սոֆի Գոլստըն Ճեմարանի 10-րդ դասարանի աշակերտներն՝ իրենց ուսուցիչների ուղեկցութեամբ (19 աշակերտ. 2 ուսուցիչ): Համազգայինի Հայաստանի գրասենեակը ստանձնեց այցի ծրագրի կազմակերպման եւ իրականացման աշխատանքները:
Սեպտեմբեր 19-ին աշակերտները հիւրընկալուեցին Համազգայինի գրասենեակում: Ծաւալուած անկեղծ եւ ջերմ զրոյցի ընթացքում ներկայացուեց Համազգայինի կառոյցի գործունէութիւնը Հայաստանում, որից յետոյ երեխաները կիսուեցին հայրենիք իրենց այցի տպաւորութիւններով, խօսեցին ապագայ ծրագրերի մասին: Նոյն օրը աշակերտները այցելեցին Երեւանի Կամերային Երաժշտութեան թատրոն`դիտելու “Սասունցի Դաւիթ” երաժշտական ներկայացումը, որից յետոյ կազմակերպուեց ճեմարանականների հանդիպումը թատերախմբի եւ թատրոնի տնօրէն Դաւիթ Յակոբեանի հետ:
Սեպտեմբեր 24-ին, Արցախ այցի շրջանակներում կազմակերպուեց աշակերտների հիւրընկալումը Արցախի Խորհրդարանում, ուր Խորհրդարանի աշխատանքների վերաբերեալ դասախօսութիւնից յետոյ վերջիններիս ընդունեց ԼՂՀ Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլեանը:
Սեպտեմբեր 25-ին աշակերտները իրենց ուսուցիչների եւ գրասենեակի պատասխանատուների ուղեկցութեամբ այցելեցին Հայաստանի ՀՕՄ-ի գրասենեակ: Նրանց ողջունեց Հայաստանի ՀՕՄ-ի ատենապետուհի Նարինէ Գալստեանը` ներկայացնելով ՀՕՄ-ի աշխարհասփիւռ կառոյցի ծրագրերը եւ Հայաստանում ծաւալած աշխատանքները:
Նոյն օրը ճեմարականները ընկհ. Լիլիթ Գալստեանի ուղեկցութեամբ հանդիպեցին Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի հետ, ով եւս ողջունեց Գոլստըն Ճեմարանի աշակերտներին` իր խօսքում մեծապէս կարեւորելով Համազգայինի Աւստրալիայի այս կրթօճախի դերը հայապահպանութեան գործում:
Հայաստան այցելութեան նախավերջին օրը ճեմարականները ներկայ գտնուեցին Հայաստանի պարի պետական անսամպլի համերգին`վայելելով հայկական պարի գեղեցիկ ներկայացում:
Համազգայինի Հայաստանի գրասենեակ