Այս տարուայ Ապրիլ ամսին Համազգային Նայիրի միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ շքեղ համերգային ծրագիր, որին իրենց մասնակցութիւնը բերեցին Նայիրի միութեան պարախմբի տարիքային բոլոր խմբերը, Հայկական բարեգործական միութեան Թամզարա պարախումբը և Մելբուռնից հրաւիրուած Ազատ Ղարիբեան պարային համոյթը: Այս համերգային ծրագիրը մտայղացւել և իրականութիւն էր դարձել նայիրի պարախմբի նախաձեռնութեամբ: Անկասկած առանց Նայիրի միութեան վարչութեան ակտիւ աջակցութեան և հովանաւորութեան դժուար կը լինէր իրագործել այս ծրագիրը:
Համերգը տեղի ուեցաւ 30 Ապրիլի 2016–ին Չեթսւուդ շրջանի քաղաքապետարանի շքեղ սրահում: Լեփլեցուն դահլիճը անահամբեր սպասում էր իր տեսակի մէջ իւրայատուկ այս համերգային ծրագրի սկսւելուն: հանդիսականները հենց առաջին իսկ կատարուած պարից յետոյ չէին հասցնում իրենց խանդավառութիւնն ու բերկրանքը արտայայտելու ջերմ ծափողջոյններով, երբ բեմ էր դուրս գալիս յաջորդ պարախումբը մէկ այլ հայկական պարով ու հայկական մեղեդիով: Պարերը յաջորդում էին իրար, մէկը միւսից աւելի կատարեալ, մէկը միւսից աւելի առնական: Թւում էր թէ Հայաստան աշխարհում գտնուելիս լինէին, թւում էր թէ հայկական հերոսների ոգին էր սաւառնում դահլիճում կատարուող պարերի շնորհիւ:
Պարը, հայկական արուեստի այս հնագոյն տեսակը միաւորել էր հայրենիքից տարածութեամբ այսքան հեռու, բայց սրտով այնքան հայրենիքին մօտ հայ երիտասարդներին, որոնք կարծես իրենց գեղեցիկ պարով, իրենց հայկական գեղեցիկ տարազներով մէկ անգամ ևս ապացուցում էին այն փաստը, որ իրենք հաւատարիմ են իրենց ազգային մշակոյթին և իրենք են այս օտար ափերում հայ մշակոյթի կրողները:
Շնորհակալութիւն այս միջոցառման մտայղացողներին, իրագործողներին և հովանաւորներին: Յուսով ենք որ պարախմբերի այս համագործակցութիւնը կանաչ ճանապարհ կ'ունենայ ապագայում: