Երեքշաբթի, 18 Դեկտեմբեր 2012-ին տեղի ունեցաւ Համազգայինի Հայաստանի գրասենեակի մտաւորականների ակումբի հերթական հաւաքը: Համազգայինի մտաւորականների ակումբը այն հարթակն է, ուր հանդիպում են քաղաքացին ու մտաւորականը` կիսելու եւ խօսելու մեր ժամանակների խնդիրների, յուզող հարցերի, դրանք յաղթահարելու ճանապարհների ու լուծումների մասին:
Այս անգամ մտաւորականների հաւաքատեղին ՀՅԴ Արամ Մանուկեան կենտրոնում էր, քանի որ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների մասնակցութեամբ ներկայացուելու եւ քննարկուելու էր «Լինել քաղաքացի» փաստավաւերագրական ֆիլմը: Ֆիլմը (հեղինակ`Արեւիկ Մարտիրոսեան), ներկայացնում է վերջին տարիներին Հայաստանում ծաւալուած քաղաքացիական շարժումները (բնապահպանական, մշակութային, բանակաշինական, սոցիալական), որոնք հասարակական հնչեղութիւն են ունեցել, իսկ որոշները պսակուել յաջողութեամբ։
Կազմակերպելով ֆիլմի ցուցադրութիւն-քննարկումը՝ Համազգայինը նպատակ ունէր երիտասարդներին փոխանցելու քաղաքացի լինելու կարեւորագոյն պարտականութիւն-պատասխանատուութիւնը, հանրութեանը վերաբերող որոշումների կայացման մէջ սեփական իրաւունքների նուաճման, ինքնակազմակերպման եւ պարզապէս քաղաքացի լինելու յանձնառութիւնը:
Ֆիլմի դիտմանը ներկայ էին ֆիլմի հեղինակ Արեւիկ Մարտիրոսեանը եւ յայտնի կինոգէտ, պատմաբան, հայագէտ Արծվի Բախչինեանը: Նախքան դիտումը երիտասարդներին ուղղուած խօսքով հանդէս եկաւ Համազգայինի Հայաստանի գրասենեակի ղեկավար Լիլիթ Գալստեանը: Ողջունելով ներկաներին` Լիլիթ Գալստեանը խօսեց քաղաքացիական հասարակութեան, դրա կայացման գործում երիտասարդութեան կարեւոր դերի, իրաւունքին տէր կանգնելու եւ այդ իրաւունքը նուաճելու կարեւորութեան մասին: Այնուհետեւ երիտասարդներին ողջունեց Արծվի Բախչինեանը` իր խօսքում եւս մեծապէս կարեւորելով քաղաքացու, քացաքացիական հասարակութեան տեղն ու դերը մեր երկրի կայացման եւ զարգացման գործում: Իսկ ֆիլմի հեղինակ Արեւիկ Մարտիրոսեանն էլ խօսեց ֆիլմի ստեղծման մասին, այն նպատակների ու խնդիրների մասին, որոնց ուղղուած է ֆիլմը։
Ֆիլմի դիտումից յետոյ ծաւալուած բուռն բանավէճի ընթացքում ներկաները փոխանցեցին իրենց տպաւորութիւնները, եղան բազմաթիւ հարցեր ուղղուած ռեժիսորին` ֆիլմի ուղերձների եւ արծարծման թեմաների վերաբերեալ: Մտածելու եւ բանավիճելու առիթը ոգեւորիչ էր ու գնահատելի։
Համազգայինի Հայաստանի գրասենեակ